ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ ՀՀ կառավարությունն ու Խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ: Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար:
Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը շեշտել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա. և այդ սկզբունքը պետք է պահպանվի:
«Որպես համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, նույնիսկ նկատի ունենալով այն, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»:
Միաժամանակ, համազեկուցողները անհանգստություն են հայտնում երկու պետական ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։
«Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե չստացվի գործել այս սկզբունքների համատեքստում, նրանք կքայքայեն և կվնասեն միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք, որ աննախադեպ մակարդակլի հասած այս լարվածությունը կարող է ամբողջ դատական համակարգին երկարաժամկետ վնասներ հասցնել»,- նշում են համազեկուցողները։
Համազեկուցողները կոչ են անում կողմերին մեղմել լարվածությունը, որպեսզի այն չստվերի երկրում իրականացվող ու պատրաստվող բարեփոխումները։