Գերմանիայի Բունդեսթագը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարին Շտրենցին զրկել է անձեռնմխելիությունից: Նա մեղադրվում է Ադրբեջանից 20 հազար եվրո կաշառք ստանալու և այդ երկրի շահերը պաշտպանելու համար: Ավելի վաղ նման մեղադրանք էր ներկայացվել Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լինթներին, որը 2008-2016 թվականներին Ադրբեջանից ստացել էր 4 միլիոն եվրո:
Կարին Շտրենցի նկատմամբ կասկածները ի հայտ են եկել դեռևս 2017 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալի ընթացքում: Մասնավորապես, նրա անունը հիշատակվել է Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքների մասին անկախ փորձագետների 2018 թ. ապրիլին հրապարակված զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի հիմնական մասնակից, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները իրեն պատկանող և Բաքվի կողմից ֆինանսավորվող ու Ադրբեջանի լոբբինգն իրականացնող Line M-Trade խորհրդատվական կազմակերպությունում աշխատանքի է ընդունել Կարին Շտրենցին:
Չնայած կոմերցիոն շահերին՝ Շտրենցը 2015 թ. եղել է Ադրբեջանի ընտրությունները դիտարկող դիտորդական առաքելության կազմում: Ի հայտ եկած կասկածների պատճառով 2018 թ. սկզբին Շտրենցը չի ընդգրկվել ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության կազմում: Կարին Շտրենցը պնդել է, թե ինքը չի իմացել այն մասին, որ Լինթների ընկերության ֆինանսավորումն Ադրբեջանից է: Նա իրեն մեղավոր է համարել միայն նրանում, որ Բունդեսթագին ժամանակին չի տեղեկացրել իր լրացուցիչ վարձատրության մասին:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի և նախկին պատգամավոր Էդուարդ Լինթների դեմ:
«Ավելի վաղ՝ 2019 թ․մարտին, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության գերմանական ներկայացուցչությունը՝ «Թրանսփարենսի Դոյչլանդը», առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացրել ընդդեմ գերմանական Բունդեսթագի ներկա և նախկին մի քանի անդամների՝ կապված «ադրբեջանական լվացքատան» սկանդալային գործի հետ։ 2019 թ․մայիսին Ռոստոկ քաղաքի դատախազը որոշում էր կայացրել վարույթ չսկսելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ֆրանկֆուրտի դատախազը Կարին Շտրենցին մեղադրում է «ադրբեջանամետ դիրքորոշման» միջոցով առնվազն 22 հազար եվրո կաշառք ստանալու համար։ ԵԽԽՎ նախկին անդամ Էդուարդ Լինթները մեղադրվում է Ադրբեջանից բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով 2008-2016 թթ. մոտ 4 մլն եվրո ստանալու համար, որն այնուհետև պետք է փոխանցեր ԵԽԽՎ այլ անդամների, որոնք սրա դիմաց դրական կարծիքներ են արտահայտել ադրբեջանական կառավարության մասին և նպատակադրված դեմ են արտահայտվել քաղբանտարկյալների ազատ արձակմանը։