Բրիտանիան պաշտոնապես կհեռանա ԵՄ-ից այսօր կեսգիշերին: Brexit կուսակցությունը, որը համառ արշավ էր անցկացնում այդ նպատակին հասնելու համար, նշում է տոնը: Կուսակցության պատգամավորները ուրբաթ դուրս եկան Բրյուսելում ԵՄ խորհրդարանից՝ պարկպզուկներ նվագելով և պահելով Union Jack-ը: Brexit կուսակցությունը հայրենասիրական երգերով և ելույթներով տոնակատարություններ է ծրագրել Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում: Այսօր առավոտյան Բրյուսելում գտնվող իր նստավայրից հեռացել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմ Բարոյուն:
Բրեքզիթի առիթով իրենց դիրքորոշումն են հայտնել եվրոպացի տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Եվրամիության երեք կարևոր մարմինների ղեկավարները:
«Վաղը մեր բրիտանացի ընկերների հետ մենք կսկսենք շատ դժվար բանակցություններ: Բնական է, յուրաքանչյուրս կպաշտպանենք սեփական շահերը, բայց կփորձենք դա անել եղբայրաբար ու բարեկամաբար»,- ասել է Դավիթ Սասոլին՝ Եվրախորհրդարանի նախագահը:
«Երկուշաբթի մենք բացելու ենք մեր պատմության նոր էջը: Մենք ցանկանում ենք հնարավորինս լավ գործընկերություն Միացյալ Թագավորության հետ, պարզ է, որ միշտ էլ տարբերություն կլինի: Բայց միասնության մեջ է ուժը»,- ընդգծել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Իսկ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է. «Եվրամիությունը ցանկանում է պահպանել հնարավորինս սերտ հարաբերություններ Մեծ Բրիտանիայի հետ: Իհարկե, մենք պետք է նաև հասկացնենք, որ Մեծ Բրիտանիան որքան շատ հեռանա ԵՄ չափանիշներից, այնքան կնվազի նրա մուտքը ԵՄ շուկա»:
Շոտլանդիայի առաջին նախարարը, սակայն, լավատեսորեն է տրամադրված: Սթերջենի կարծիքով՝ այժմ, երբ Միացյալ Թագավորությունը լքում է ԵՄ-ն, Շոտլանդիայի անկախության հարցը ավելի արդիական է դառնում: «Այս գիշերվանից հետո ապագան մեզ համար բացվում է միայն անկախությամբ: Կասկածից վեր է, որ Շոտլանդիայի միակ իրատեսական ճանապարհը վերադարձն է Եվրոպայի սիրտ»,- վստահեցրել է շոտլանդացի նախարարը:
Յուրովի լավատես են բրիտանացի քաղաքական գործիչները: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի համար սա ակնհայտ մեծ օր է իրենց երկրի համար: «Ես, իհարկե, առաջնորդել եմ Եվրամիության կազմում մնալու քարոզարշավը, բայց միշտ ընդունել եմ հանրաքվեի արդյունքը և գիտեի, որ կգա այս օրը»,- ասել է Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ ծրագրել է հեռուստատեսային ուղերձ հղել թագավորության քաղաքացիներին: Վարչապետի համար Brexit- ը «ազգային նորացման և փոփոխության պահ է»: Այն «ոչ թե ավարտ է, այլ սկիզբ»: