Կառավարությունն ընդունեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին նախագիծը:
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ 2019թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում էր ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ին։
ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։
Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ Սերբիայի քաղաքացիները նույնպես կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից, և նրանց համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր անց:
ՀՀ վարչապետը նշեց, որ կարևոր որոշում է, այն կխթանի ուղիղ չվերթների իրականացմանը Երևանից և Գյումրիից դեպի Բելգրադ և Սերբիայի այլ քաղաքներ: «Այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, շատ կարևոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության համար»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վիզային ռեժիմի պահանջը վերացվել է արդեն 63 երկրի հետ: