Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորմանն ու անդամների ընտրությանը:
«Հանձնաժողովում իրավաբան-գիտնականներ և հասարակական կազմակերպություններ ընտրելիս նպատակ չունեինք, որ այնտեղ լինեին ընդդիմադիրներ և իշխանամետներ, այլ պետք է լինեին իրավաբան-գիտնականներ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ»,- ասել է նախարարը։
Հարցին, թե ինչո՞ւ հանձնաժողովում չկա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը ևս դիմում էր ներկայացրել, Բադասյանը պատասխանել է. «Գնահատում ենք նրա անկեղծ մղումները, բայց մենք մեր այս քայլով չենք ուզում ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, դրա մասին չէ խոսքը։ Ուղղակի տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ նա մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների նախորդ հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում խոսքը ոչ ֆորմալ մասնակցության մասին է, քանի որ նա հանձնաժողովի անդամ չի եղել։ Մեր սկզբունքը հետևյալն է. դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթի ռազմավարության մեջ նշվում է, որ քննադատություններ են հնչում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների և այդ քննադատությունների առնչությամբ։ Բնականաբար, մենք այդ ամենը չէինք կարող դրական առումով գնահատել։ Այո, սա քաղաքական որոշում է եղել, իսկ այստեղ ի՞նչ կա զարմանալու: Տիկին Հովհաննիսյանի մասնագիտական ունակությունները որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց ավելի համապատասխանողներն ընդգրկվել են հանձնաժողովում»,- ասել է Բադասյանը:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ հանձնաժողովի ընտրված անդամները բոլորն անկախ մարդիկ են, և նրանց չպետք է թիրախավորեն՝ հնարավորություն տալով, որ աշխատեն։