Ոստիկանապետի պաշտոնակատարի հետ քննարկել ենք կառույցի բարեփոխումների գործընթացը, վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը: Այդ մասին հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Նարեկ Մալյանին և «Ադեկվադի» անդամներին բերման ենթարկելուն՝ Ա.Սիմոնյանը նշեց, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացել և գործել է իր իրավունքների շրջանակում: Նրա խոսքով՝ այդ անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով, և, ըստ նրա, պետք է տարանջատել քաղաքական գործիչներին և համացանցում քֆուր տվողներին, որպեսզի չանարգվեն մյուս բոլոր քաղաքական գործիչները:
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը, որ Հայաստանում այս տարի կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ Ա.Սիմոնյանն ասաց, որ Քոչարյանը կտրված է իրականությունից, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, արտահերթ է միայն ՀՀ-ին տարիներով հասցված վնասի վերականգնումը:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել մեկ-երկու ամսվա ընթացքում, և ՍԴ-ն, որը դեռևս մնացել է հին աշխարհում, ազատվելու է կապանքներից և հայտնվելու է նոր Հայաստանում՝ անկախ Հրայր Թովմասյանի ցանկությունից:
«Ես պատկերացնում եմ ՀՀ քաղաքացիների վստահությունը վայելող Սահմանադրական դատարան և դատական համակարգ: Այսօր մենք ունենք ՀՀ քաղաքացիների վստահությունը վայելող կառավարություն, Ազգային ժողով, և մնացել է դատական համակարգը, որը քաղաքականացված է, և որը փորձում է պահել Հրայր Թովմասյանը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, և այն վնասում է Հայաստանին: «Այդ ճգնաժամը ՀՀ իշխանությունները լուծելու են, թող որևէ կասկած չլինի»,- ասաց Ա.Սիմոնյանը:
Նա նաև վստահ է, որ Հայաստանում շատ արագ կլուծվի նաև սահմանադրական փոփոխությունների հարցը:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ իր մասին արած հայտարարություններին, Ա.Սիմոնյանը նշեց. «Վանեցյանը հայտարարեց, որ այլևս ընկերներ չենք. իհարկե անսպասելի էր, քանի որ դա իր կողմից մեծ սխալ էր»:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ Ա.Վանեցյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին լուրերն իրենց չի անհանգստացնում, քանի որ, ըստ նրա, ԱԱԾ նախկին տնօրենը չունի ո՛չ քաղաքական անցյալ, ո՛չ քաղաքականությամբ զբաղվելու փորձ: «Նա ունի միայն մեծ գումարներ, բայց նոր Հայաստանում գումարով հարց չի լուծվում»,- եզրափակեց Ա.Սիմոնյանը: