Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:
Կողմերը նշել են, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են պատմական խոր արմատներով, ինչն ամուր հիմք է ստեղծում հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացման համար:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում ավելի գործնական քայլեր կատարելու ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության հնարավորությունները շատ ավելին են, քան ներկա մակարդակն է:
Ուկրաինայի դեսպանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ առավել ամրապնդելու և առաջ մղելու տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ գործակցությունը:
Խոսելով տնտեսական համագործակցության ընդլայնման մասին՝ զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Համագործակցության ավանդական ոլորտներին զուգահեռ նրանք կարևորել են համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համատեղ փոխշահավետ նախագծերի մշակումը նորագույն տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում:
Որպես համագործակցության արդյունավետ հարթակ՝ նշվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը և ձևավորված բարեկամական խմբերի աշխատանքը:
Բարձր է գնահատվել Ուկրաինայի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում ակտիվորեն ներգրավված հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կամրջող օղակ: