Երկրագնդի բնակչությանը խիստ անհանգստացնող կորոնավիրուսի պատճառով աճող խուճապի ֆոնին հնչում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Շթրաուբհաարի այն դիտարկումը, որ համաճարակները նպաստում են մարդկության զարգացմանը: Հիստերիան անիմաստ է. գլոբալ ռիսկերը գլոբալ զարգացման դիմաց վճարն են: Հավանական է, որ կորոնավիրուսն ավելի շատ օգուտ կտա, քան՝ վնաս: Գերմանական Die Welt պարբերականը կորոնավիրուսի ու դրա հետևանքների, ավելի ճիշտ՝ դրա արդյունքների մասին հոդված է հրապարակել «Կորոնավիրուսը շանս է մարդկության համար» խորագրով:
Աշխարհում կորոնավիրուսի տարածման, զոհերի ու վարակակիրների հետ զուգահեռ աճում է նաև ահն ու սարսափը: Հիվանդությունները, համաճարակները, պատերազմները, ահաբեկչություններն ու կլիմայական փոփոխությունները մեծացնում են մարդկության վերացման ռիսկերը, ու դեռ հայտնի չէ, թե մարդիկ որքան կարող են դիմայակել դրանց:
Գերմանական պարբերականը գրում է, որ չնայած լուրջ վտանգներին ու անդադար ավելացող ռիսկերին՝ այս ամենը չպետք է զարմացնի:
Կիբեռտարածությունն ու համաշխարհային սարդոստայնը, թվային ու սոցիալական ցանցերը, վիրտուալ իրականությունը ամենասերտ ձևով մարդկանց կապել են իրար: 21-րդ դարի գլոբալացման պայմաններում անտեսանելի են դարձել ազգերի սահմաները: Համաճարակի և գլոբալ ցանկացած ռիսկի դեպքում համաշխարհային տնտեսությունը վնասներ է կրում: Սակայն մեկի համար՝ վնաս, մյուսների համար՝ եկամուտ: Եթե սա որպես դիտարկում ցինիկ է թվում, ապա այն պարզ մաթեմատիկա է տնտեսության համար:
Հավանական է, որ կորոնավիրուսի վրա ազդելու համար միջոցներ փնտրելիս մարդիկ նոր գիտելիքներ ձեռք կբերեն, որոնք հնարավոր կլինի կիրառել համաճարակների, հիվանդությունների դեմ պայքարում:
Եվ, ինչպես անցած փորձն է ցույց տալիս, միանգամայն հավանական է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռք բերված նորարարական տվյալները կկարողանան ինչ-որ տեղ օգնել կյանքեր փրկել:
Մի կողմից՝ գլոբալ համաճարակների պատասխանատվության մի մասն ընկնում է գլոբալացման վրա, մյուս կողմից էլ այն նպաստում է աշխարհում կյանքի պայմանների բարելավմանը: Ընդհանուր առմամբ, մարդկանց առողջական վիճակը գլոբալացման արդյունքում այժմ ավելի է լավացել, քան՝ երբևէ: