Սիրիայում շարունակվում են թեժ ռազմական գործողությունները: Հունվարի 29-ին կառավարական բանակը Հալեպի նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Խան-Թուման բնակավայրը զինյալ գրոհայիններից ազատագրելուց հետո առաջ է անցել Հալեպի մերձակայքում գտնվող Ռաշիդին-4 տարածք, հարվածելով «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գրոհայինների հենակետերին: Կառավարական ուժերը շրջապատել են նաև Թուրքիայի դիտորդական կենտրոնը, որը, սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ, ջիհադիստներն օգտագործում են՝ որպես ապաստարան: Ավելի ուշ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դաշնակից ուժերը միացել են սիրիական զորքերին, թույլ չտալով զինյալ ահաբեկիչներին հեռանալ տարածքից՝ հայտնում է Rojava գործակալությունը:
Ի դեպ, մեկ այլ ահաբեկչական խմբավորման՝ «Ջեբհաթ ալ-Վաթանիի լիլ Թահրիրի» զինյալները Սիրիայի ընդդիմադիր մամուլին հայտնել են, որ Խան-Թումանում իրենց հաջողվել է խոցել սիրիական բանակի տանկը, հասցվել են նաև այլ վնասներ, կան զոհեր: Պաշտոնական լրատվամիջոցները, սակայն, դեռ չեն հաստատել սիրիական բանակի կորուստները հարավ-արևմտյան ճակատում: Միշտ չէ, որ զինյալները ստում են, բայց հաճախ նաև նմանօրինակ լուրերով բնակչության շրջանում փորձում են խուճապ առաջացնել, իսկ այլ վայրերում ամրացնել զինակից ահաբեկիչների ռազմական ոգին:
Արդեն Իդլիբում, ողջ օրվա ընթացքում, շարունակվել են թուրքական հրետանային ռմբակոծությունները: Թիրախի տակ են հատկապես նահանգի հյուսիսային Սուղինակ և Ակիբա գյուղերը, որտեղ թաքնված են Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) քրդական արմատական ստորաբաժանումները: Առայժմ տեղեկություններ չեն ստացվել քուրդ զինյալների շրջանում հնարավոր կորուստների մասին:
Ռուսական RT-ն այսօր հայտնել է Իդլիբում իր ռազմական թղթակցի վիրավորման մասին: Չնայած կին լինելուն՝ Վաֆա Շաբունին հայտնվում էր պատերազմական ամենաթեժ կետերում: Եվ ահա այս անգամ վիրավորվել է, երբ իր խմբի հետ միասին փորձել է նկարահանումներ անել զինյալ ահաբեկիչների զինապահեստներում: Կասկածներ կան, որ պահեստը դիտավորությամբ ականապատվել է, ինչը ջիհադական խմբավորումների համար սովորական պրակտիկա է: Այժմ Վաֆա Շաբունին գտնվում է Իդլիբի մերձակայքում գտնվող հիվանդանոցում: RT-ի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում խնդրել է աղոթել նրա համար:
Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակել են նպատակային գրոհներ իրականացնել ջիհադիստների հենակետերի ուղղությամբ՝ Իդլիբի Քաֆր Լաթ գյուղի տարածքում և Ալ Արբեյնի բարձունքներում՝ հայտնում է Halab Today լրատվամիջոցը: Ըստ Telegram հեռուստաալիքի էլ՝ սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Խան ալ-Սուբուլ ռազմավարական կարևորությամբ գյուղում, այն մաքրելով մնացած ջիհադական խմբավորումներից: Ընթացել է թեժ մարտ, բայց սիրիական բանակի զինծառայողների կամ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: