Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել և ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Ավանդական դարձած ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:
Ընթրիքի ժամանակ ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իր ելույթում նախագահ Մակրոնը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի վարած քաղաքականությանը:
«Այժմ Թուրքիան և Թուրքիայի ժողովուրդը պետք է որոշում կայացնեն՝ ընդունել իրենց պատմությունը և առաջ նայել: Ժխտողականությունը չի կարող լինել կառուցողական, այն չի կարող հիմք լինել մեծ քաղաքականության համար»,- նշել է Մակրոնը: