Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական օդուժի աջակցությամբ սիրիական բանակի առաջխաղացումը զայրացրել է Անկարային: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերին աջակցելով՝ Մոսկվան խախտում է Իդլիբի հարցով համաձայնագրի իր պարտավորությունները: 2017 թվականին Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարները պայմանավորվել էին Սիրիայում ստեղծել չորս դեէսկալացիոն գոտիներ, որոնցից երեքը 2018-ին անցել են Դամասկոսի հսկողության տակ, չորրորդի համար մարտեր են մղվում: Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնացել է, որ եթե չդադարեցվի հրթիռակոծությունը, որը սպառնում է թուրքական դիտորդական և հսկիչ կետերին, իրենք կդիմեն շատ կոշտ պատասխանի:
Այսպիսով, Թուրքիայի նախագահը Ռուսաստանին սպառնում է, բայց ԱՄՆ-ին էլ պայման է ներկայացնում: Նա չի ցանկանում կորցնել ո՛չ ռուսական S-400 հակահրթիռային համակարգերը, ո՛չ էլ ամերիկյան F-35 կործանիչները: Ստանալով ռուսական զենքը՝ Թուրքիայի նախագահը զգուշացրել է Սպիտակ տանը, որ կա՛մ առաքում են ամերիկյան նորագույն ռազմական օդանավերը, կա՛մ գումարն են վերադարձնում: Իսկ եթե ամերիկյան կողմը ոչ մի պայմանին էլ չհամաձայնի, իրենք մեկ ուրիշ գնորդ կգտնեն, կամ իրենցը կստեղծեն:
Հիշեցնենք, որ Անկարան հրաժարվեց զիջումների գնալ՝ S-400-ի փոխարեն ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը, ինչպես նաև անտեսեց ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը: