Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի «Ղոդս» ուժերի նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դուստրը՝ Զեյնաբ Սոլեյմանին, Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլայի հետ:
Սոլեյմանին իր հորեղբոր (այդպես է նա դիմում «Հեզբոլլահի» առաջնորդին - խմբ.) հետ հանդիպման ընթացքում արված տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Միացյալ Նահանգների և Իսրայելի սարդոստայնները կքանդվեն», - գրել է նա: Ընդ որում, տեսանյութից երևում է, որ Զեյնաբը ձեռքին մի մատանի է կրում, որը շատ նման է հենց այն մատանուն, որով սպանությունից հետո ճանաչվեց, կամ նույնականացվեց իր հայրը:
Հիշեցնենք, որ նախկինում առանձնապես լայն հանրությանը հայտնի չեղող և մշտապես մեկուսի ապրած Զեյնաբը ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին անձամբ գնաց Քասեմ Սուլեյմանիի տուն՝ իր սիրելի գեներալի հարազատներին ցավակցություն հայտնելու համար: Դրանից հետո նա դարձավ հոր հրաժեշտի արարողության գլխավոր խոսնակը և հանդես եկավ կրակոտ ելույթով՝ ամերիկացիներին խոստանալով վրեժ լուծել իր հոր մահվան համար:
Զեյնաբը կոչով դիմեց իր «երեք հորեղբայրներին»՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, Եմենի հուսիների առաջնորդ Աբդել-Մալիք ալ-Հուսիին և լիբանանյան «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլային, որպեսզի նրանք ևս միանան իր ցասմանն ու վրեժ լուծեն իրենց սիրելի եղբոր սպանության համար: Զեյնաբն Իրանի հեղափոխությունից հետո երկրի ողջ պատմության ընթացքում առաջին կինն էր, որ ելույթ ունեցավ կրոնական արարողության ժամանակ, այն էլ՝ երկրի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեի ներկայությամբ: Դրանից հետո նա շիական աշխարհում Իրանի և նահատակ գեներալի կյանքն արժեցած գործի յուրահատուկ դեսպանն է դարձել: