Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց քրեակատարողական ծառայողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու օրենսդրական փոփոխության նախագծին:
«2020 թվականի հունվար ամսվա դրությամբ 125 թափուր հաստիք ունենք քրեկաատարողական հիմնարկներում: Թափուր են հիմնականում կրտսեր խմբի հաստիքները, որոնք ամենավտանգավոր ու ռիսկային աշխատանքներն են կատարում ու ամենախոցելին են կոռուպցիոն ռիսկերի և ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում»,- ընդգծել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարը նշել է, որ քրեական ենթամշակույթի հաղթահարման ու քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիայից զերծ ենթամշակույթի ձևավորման ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականությամբ առաջարկվում է քրեակատարողական ծառայողների համար սահմանել նոր հավելումներ՝ քրեակատարողկաան ծառայողի պաշտոնային դրույքաչափի շուրջ 30 տոկոսի չափով: Բադասյանն ընդգծել է, որ աշխատավարձի ֆոնդը կավելանա մոտ 1 միլիարդ 588 միլիոն դրամով: