Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են, որ հայտնաբերվել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին երբևէ գտնված ստորգետնյա ամենաերկար մաքսանենգ թունելը: 1313 մետր երկարություն ունեցող թունելն ունի վերելակ, երկաթուղի, կոյուղի, օդափոխման համակարգ ու բարձր լարման էլեկտրալարեր:
Ստորգետնյա միջանցքը Մեքսիկայի Տիխուանա արդյունաբերական քաղաքը կապում է Կալիֆոռնիայի Սան Դիեգո շրջանի հետ: Այս կապակցությամբ ձերբակալություններ չեն եղել, կամ թմրանյութերի հայտնաբերում չի արձանագրվել: Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանում ստորգետնյա թունելը: