Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեման այդ երկրի՝ ԵԽ անդամակցությունից ի վեր մեր վեհաժողովի թոփ թեմաներից է՝ ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Տասնյակ անգամներ վեհաժողովը, ԵԽ Նախարարների կոմիտեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադարձել են Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լրջագույն խնդրին՝ բազմաթիվ բանաձևերում կոչ անելով ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, խղճի բանտարկյալներին։ Եվ քանիցս մենք հենց այս ամբիոնից լսել ենք Ալիևի ցինիկ պատասխաններն իր երկրում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ հարցերին։ Ես հիշում եմ խայտառակ 2013 թվականի հունվարը, երբ մեր գործընկեր Շտրասերի՝ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» զեկույցը տապալվեց, ինչից հետո բացվեցին «Խավիարային դիվանագիտության» և «Ադրբեջանական մեծ լվացքատան» կոռուպցիոն սկանդալները, թե ինչպես և ինչ սխեմաներով է Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատգամավորներին՝ Բաքվին ոչ հաճո զեկույցները տապալելու համար։
ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվեց Ադրբեջանից 2.3 միլիոն եվրո կաշառք ստանալու համար, բայց անկեղծորեն պիտի խոստովանենք, որ Լուկայի կողքին, մեղադրյալի աթոռին, այսօր պիտի նստեն ԵԽԽՎ նախկին և գուցե նաև ներկա որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ ևս, որոնք ադրբեջանական լվացքատան ակտիվ դերակատարներից են եղել։
Ու երբ ԵԽԽՎ արդեն նախկին տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտը ինձ դուրս էր հրավիրում դահլիճից, որպեսզի չլսի նաև իր անունը՝ ադրբեջանական կոռուպցիոն փաթեթում, ես հույս ունեմ, որ մեր կառույցում ստեղծված անկախ քննիչ հանձնաժողովը անվանապես կնշի բոլոր կոռուպցիոներներին, ովքեր ամեն գնով մեր վեհաժողովում պաշտպանել են սուտը, կեղծիքը և նպաստել են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակի բանտերում խեղել հարյուրավոր քաղաքական բանտարկյալների՝ բլոգերների, իրավապաշտպանների, փաստաբանների։ Մեկ տարի առաջ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող տիկին Վարսդոտիրը իրավական հանձնաժողովում ներկայացրեց 130 անձից բաղկացած Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը։ Դա զարհուրելի էր։ Սակայն, շատ ավելի զարհուրելի է, երբ Ալիևը, խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների և ժողովրդավարության մասին, հայտարարում է՝ «ժողովրդավարությունը խնձոր չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ գնաս ու գնես շուկայում»։ Ահա այսպես, հարգելի գործընկերներ»,- ասել է Զոհրաբյանը։