Հայաստանի հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան հինգ բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) միջև ստորագրվել է ծրագրի մասնակցության վերաբերյալ հուշագիրը։
Կրթական ծրագիրը մշակել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES)՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ «Քաղաքական մատչելիություն և ներառում» բաղադրիչի շրջանակում: Համանման ծրագիր հաջողությամբ արդեն ներդրվել է Վրաստանի և Ուկրաինայի ավելի քան 55 բուհում:
Ծրագրի մեկնարկը ողջունել են ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, IFES հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնը:
Նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ համագործակցել է ծրագրի հետ` կարևորելով քաղաքացիական կրթության նոր դասընթացի մշակումն ու ներդրումը հայաստանյան բուհերում. «Բացի դասընթացի հիմքում դրված և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող ժողովրդավարության և քաղաքացու իրավունքների արժեքներից, այս փուլում կարևոր է նաև դասավանդման և ուսանողակենտրոն կրթության կազմակերպման նոր մոտեցումների ներդրումը կրթական համակարգում: Դասընթացն ընտրական գործընթացների բարելավման խոշոր ծրագրի մի մասն է, որի հաջողվածության գրավականներից մեկն ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանության ապահովումն է»,- նշել է Ս. Կարաբեկյանը:
Նրա խոսքով` այժմ ընթանում է դասընթացի նյութերի մշակումը, ծրագիրը նախատեսում է նաև դասախոսների վերապատրաստման բաղադրիչ և հատուկ ձեռնարկ ուսանողների համար: Նախարարի խորհրդականը հույս է հայտնել, որ ծրագրի հաջող փորձարկումից հետո այն կներդրվի նաև մյուս բուհերում։
Դասընթացը նպատակ ունի ինտերակտիվ ուսուցման մեթոդներ կիրառելով խթանել ակտիվ քաղաքացիությունը` ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմամբ: