Պաղեստինցիները վրդովված են: Նրանք կտրականապես դեմ են ԱՄՆ նախագահ Թրամփի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ներկայացրած ծրագրին, որը նախատեսում է լուծել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Ըստ ծրագրի` անբաժանելի Երուսաղեմը պետք է լինի Իսրայելի մայրաքաղաքը: Թրամփը, իհարկե նշել է, որ այնտեղ կլինի նաև ապագա Պաղեստին պետության մայրաքաղաքը, բայց չի հստակեցրել, թե գործնականում դա ինչպես է արվելու: Միաժամանակ Միացյալ Նահանգները պատրաստ է ճանաչելու Իսրայելի իրավունքը Արևմտյան ափի նկատմամբ, որը դարձյալ անընդունելի է պաղեստինցիների համար:
Իսկ ամենավրդովեցնողն այն է, որ Սպիտակ տունը իր ծրագիրը մշակելիս չի խորհրդակցել Պաղեստինի Ինքնավարության ղեկավարության հետ: Տարածաշրջանի ղեկավար Մահմուդ Աբբասը արդեն հայտարարել է, որ «Երուսաղեմը չի վաճառվում», և Թրամփի նախագիծը նետվելու է պատմության աղբանոցը: Նա հայտարարել է, որ խաղաղության միակ ճանապարհը Պաղեստին պետություն ստեղծելն է 1967-ի սահմաններով: