Դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցում միայն Սահմանադրական դատարանին անդրադառնալն անհասկանալի է՝ այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը: Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, որովհետև երբ գնում է առաջին ատյանի դատարան, ստանում է իր սրտին, մտքին ոչ համապատասխանող որոշումներ, և շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է, որովհետև մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել: Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարգը՝ սկսած առաջին ատյանի դատարանի դատավորներից, վերջացրած Բարձրագույն դատական խորհրդով: Այս ամբողջ խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, կարծում ենք, սխալ մոտեցում է»,- ասաց Սիմոնյանը: