Ռուսաստանի օդուժը Սիրիայի Հալեպի նահանգում վաղ առավոտից գրոհել է «Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման իսլամիստների և դաշնակից ավազակախմբերի դիրքերի վրա: Ազ-Զարբ և Զեյթուն բնակավայրերի տարածքում ցամաքից միացել է նաև Սիրիայի կառավարական բանակը: Խան- Թուման քաղաքի տարածքում ծանր մարտեր են ընթացել՝ տեղեկացնում է SANA-ն:
Սիրիայի Իդլիբի նահանգի հարավում Սիրիայի արաբական բանակի և զինված ընդդիմության զինյալների միջև շփման գծում բախումները չեն դադարում: Արաբական մամուլի համաձայն՝ կառավարական ուժերի հրետանային ստորաբաժանումները գնդակոծում են Քաֆր Ուվեդի ծայրամասում գտնվող իսլամիստական ամրությունները:
Միևնույն ժամանակ հաղորդվում է նահանգում ահաբեկիչների հիմնական հենակետը հանդիսացող Մաարեթ ալ-Նուման քաղաքի ազատագրման ոչ միայն բաղձալի, այլև բառի բուն իմաստով անհավատալի լուրը: Ոչ ոք հույս չուներ, որ ահաբեկիչներն այստեղ այդքան արագ կհանձնվեն: Չնայած դրան՝ ամեն րոպե լուրեր են շրջանառվում նաև քաղաքի մերձակայքում ընթացող ծանրագույն մարտերի վերաբերյալ: Ընդդիմադիր Baladi News-ը պնդում է, որ չնայած Ասադի բանակի հաջողություններին՝ ջիհադիստներն ուշ երեկոյան ոչնչացրել են կառավարական ուժերի տանկային և հետևակային մի քանի մարտական մեքենա: Պետական SANA գործակալությունը դեռևս լուրը չի հաստատել:
Ռուսական օդուժը նույնիսկ այս պահին է ռմբակոծում Արաբա քաղաքի մոտակայքում դիրքավորված «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հենակետերը: Արևմտյան մամուլը գրում է, որ քաղաքացիական անձինք դժոխքի մեջ են հայտնվել այս ամենի հետևանքով: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, որ այդ դեպքում միայն հունվարի 28-ին մոտ 600 սիրիացի փախստական չէին վերադառնա Լիբանանից ու Հորդանանից և հավելում, որ երկիր վերադարձող փախստականներին «Ջեյդետ-Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետերում հումանիտար օգնություն է տրամադրել: