ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը և արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։
ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն։
Նախարարի տեղակալ Շուշանյանը նշել է, որ հանդիպումը տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու, գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակ ունի՝ այս համատեքստում կարևորելով աշխատանքների փոխգործակցության ձևաչափը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը, պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները, ինչպես նաև պարզաբանումներ են տրվել ներկաների բարձրացրած հարցերին։
Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում, և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով ակնկալելով առավելագույն բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում։