ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թ. սկսել է եվրոպական համերգային շրջագայությամբ։ Հունվարի 8-21-ը նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել Եվրոպայի 5 երկրի 8 քաղաքում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին բուռն ծափահարություններով են ընդունել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի երաժշտասերները։ Համերգները կայացել են լավագույն համերգասրահներում՝ Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում, Զալցբուրգի Grobes Festspielhaus, Շտուտգարտի «Բեթհովեն» դահլիճներում, Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահում‚ Լոնդոնի «Բարբիկան» կենտրոնում, Վիեննայի «Մյուզիքվերեյնում», Պրահայի «Ռուդոլֆինումում»‚ Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում։ Համերգները կայացել են լեփ-լեցուն դահլիճներում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ մնալով հայկական երաժշտությունն աշխարհում քարոզելու իր քաղաքականությանը‚ Եվրոպայում ներկայացրել է հայկական երաժշտությունը։ Առաջին անգամ Հայաստանի սահմաններից դուրս հնչել է Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը», որը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն գործերից է։ Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիկ այս ստեղծագործությունը արժանացել է եվրոպացի խստապահանջ ունկնդրի ջերմ ընդունելությանը:
Նվագախմբի հետ ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը՝ ներկայացնելով Մաքս Բրուխի‚ Մորիս Ռավելի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Եվրոպայում լավագույնս է ներկայացրել հայկական կատարողական արվեստը‚ ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորական դպրոցը։ Սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը մեծ արձագանք են ստացել նաև արտասահմանյան լրատվամիջոցներում։ Մասնավորապես՝ Süddeutsche Zeitung-ում‚ BBC Radio-ում‚ Classic FM-ում‚ The Times-ում‚ Heard International-ում և այլն։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը կազմակերպել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։