Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք կա, 106 մահվան ելքով, ՉԺՀ-ի առողջապահության հարցով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ երկրում արձանագրվել է 5997 դեպք, 132-ը՝ մահվան ելքով՝ կորոնավիրուսի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ նշելով, որ սերտ համագործակցություն կա Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
«Նախնական տվյալներով՝ գիտական հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով ԱՀԿ-ն ներկայացրել է տվյալներ, որ վարակի փոխանցման աղբյուրը եղել է Ուհան քաղաքի շուկայում ծովամթերքի և վայրի կենդանիների վաճառքի կետերը, և հնարավոր է, որ վիրուսը վայրի կենդանիներից և ծովամթերքից փոխանցվել է մարդուն»,- ասաց առողջապահության փոխնախարարը՝ համաճարակաբանական իրավիճակը ներկայացնելիս:
Նանուշյանը նաև նշեց, որ հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքների և ծովամթերքների մուտքը Հայաստան: Նա նշեց, որ ԱԳՆ-ի հետ միասին հաշվարկել են, թե Ուհան քաղաքում քանի ՀՀ քաղաքացի կա, և կապի մեջ են նրանց հետ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ Չինաստանում մարդուց մարդ վարակի փոխանցման դեպքեր արձանագրվել են, բայց, Թորոսյանի խոսքով՝ մահացու ելքերը արձանագրվում են այն մարդկանց շրջանում, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ: