Չինաստանի 15 միլիոնանոց Փյանջին քաղաքում բնակվող Գայանե Ապրունցը 1lurer.am-ի հետ զրույցում պատմել է կորոնավիրուսի հետ կապված Չինաստանում տիրող իրավիճակի, առօրյայի, խնդիրների ու մտահոգող երևույթների մասին: Նրա խոսքով՝ Փյանջինում կա 27 վարակված, և օրեցօր նրանց թիվն աճում է: Սակայն խուճապ չկա, մարդիկ անգամ առանց բժշկական դիմակների են շրջում:
Գայանեի փոխանցմամբ՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու 6000-ից ավելի դեպք է արդեն գրանցվել՝ 132 մահվան ելքով: 110-ն էլ ապաքինվել են: 9000-ից ավելի մարդ էլ կասկածվում է վարակված լինելու մեջ:
Գայանեի խոսքով՝ Չինաստանում խուճապ չկա, իրենք չեն զգում, որ ապրում են վիրուսային շրջանում, կյանքը բնականոն հունով է ընթանում: Խուճապ կարելի է հանդիպել մամուլում, հատկապես՝ ռուսական:
Ծնողների ու հարազատների հորդորներն ու տագնապը տեսնելով՝ որոշել է վերադառնալ Հայաստան: Վաղը նա ու Չինաստանում բնակվող տասը ՀՀ քաղաքացիներ կվերադառնան Հայաստան: Չնայած առողջ են ու ամեն օր մի քանի ստուգումներ են անցնում, բայց որոշել են՝ ժամանելուն պես առաջինը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են գնալու, որ հանգիստ լինեն բոլորը: