ԵԽԽՎ-ում «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցի քննարկմանը ադրբեջանցի պատվիրակն անդրադարձել է Հայաստանում մեդիայի ազատությանը՝ հերթական անգամ չստուգված ու կեղծ տեղեկություն ներկայացնելով։
Նա հիշատակել է դեռևս հեղափոխությունից առաջ տեղի ունեցած իրողություն՝ մասնավորապես անդրադառնալով նախկին լրագրող, ներկայումս ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դեպքին։
Ադրբեջանցի պատվիրակի ելույթն անպատասխան չի մնացել։ Իր զեկույցում ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մեկ նախադասությամբ բացահայտել է կեղծիքը։
«Որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ պետք է ասեմ, որ մեր տարածաշրջանում հետխորհրդային երկրներից Հայաստանն ու Վրաստանն առաջին շարքում են խոսքի ազատության հարցում, մինչդեռ Ադրբեջանը վերջին տեղում է, որտեղ լրատվության սահմանափակումն ու մամուլի ճնշումները պահպանվում են:
Իմ ադրբեջանցի կոլեգան Հայաստանի մասին սխալ տեղեկություն հաղորդեց: Նրա նշած անձն այժմ խորհրդարանի անդամ է: Այնպես որ տեղեկությունը հնացած է: Դուք գիտեք, թե ինչպիսի վիճակ է մեր հարևան Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և մամուլի ազատության հարցում: Ադրբեջանում լրատվամիջոցները ենթարկվում են հետապնդումների ու ճնշումների: Այս հարցը պետք է շատ արագ կարգավորել: ԵԽԽՎ-ում համատեղ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի մամուլի ազատությունը չմնա թղթի վրա, այլ գործի կազմակերպության անդամ բոլոր 47 երկրում»,- ասել է Է.Մարուքյանը: