Իրանի խորհրդարանը շատ շուտով քննարկման կդնի մի բանաձև, որով Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը կոչ կարվի՝ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման վերաբերյալ համաձայնագրից:
Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները՝ հիշեցնելով, որ բանաձևն, այնուամենայնիվ, դեկլարատիվ բնույթ կկրի, որովհետև միջուկային ծրագրի վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին համաձայնագրից Իրանի հնարավոր դուրսբերման մասին հայտարարել էր Իրանի ԱԳ ղեկավար Ջավադ Զարիֆը: Վերջինս ընդգծել էր, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե Եվրամիությունը նույնպես հակաիրանական պատժամիջոցներ սահմանի: Նույն արդյունքը կլինի այն պարագայում, եթե իրանական միջուկային գործը փոխանցվի ՄԱԿ-ին:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Ալի Ասգար Զարեյանն էլ հայտարարել էր, որ եթե քաղաքական ղեկավարությունը հրահանգի, իրանցի մասնագետները կկարողանան ուրանի հարստացումը շատ կարճ ժամանակամիջոցում ցանկացած մակարդակի հասցնել: Ընդ որում, Զարեյանը հայտնել էր, որ այս պահին Իրանի հարստացված ուրանի պաշարները կազմում են 1,200 կգ:
Ի դեպ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գնահատել է, որ միջուկային ռումբ արտադրելու համար Թեհրանին անհրաժեշտ կլինի առնվազն 1000 կգ ցածր հարստացված ուրան: Այսպիսով, եթե Զարեյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությաը, Իրանը շատ մոտ է միջուկային զենք ունենալուն: