Երեկ ԵԽԽՎ-ում քննարկվել է «Եվրոպայում մեդիա ազատության սպառնալիքների և լրագրողների անվտանգության վերաբերյալ» զեկույցը։ Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է մամուլի ազատության սահմանափակումների, լրագրողների հետապնդումների և լրատվամիջոցներով ատելություն ու թշնամանք քարոզելու խնդիրներին:
«Լրագրողի մասնագիտությունը շատ ռիսկային աշխատանք է ամբողջ աշխարհում: Նրանց հետապնդում են, սպանում, դատապարտում իրենց մասնագիտական ակտիվության համար, բանտարկում են կեղծ մեղադրանքներով: Թուրքիան և Ադրբեջանը առաջատար են այդ հարցում: Այդ գործընթացն այս պետություններում շարունակվում է, դարձյալ լրագրողներ են ձերբակալվում կեղծ մեղադրանքներով, փակվում են լրատվական գործակալություններ: Հարգելի գործընկերներ, ես վտանգավոր եմ համարում նաև լրատվամիջոցներով բռնություն և ատելություն քարոզելու խնդիրը: Դա լուրջ մարտահրավեր է ժողովրդավարական երկրների համար»,- նշել է Ն.Զոհրաբյանը: