Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական օդուժի աջակցությամբ սիրիական բանակի առաջխաղացումը զայրացրել է Անկարային: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերին աջակցելով՝ Մոսկվան խախտում է Իդլիբի հարցով համաձայնագրի իր պարտավորությունները: 2017 թվականին Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարները պայմանավորվել էին Սիրիայում ստեղծել չորս դեէսկալացիոն գոտիներ, որոնցից երեքը 2018-ին անցել են Դամասկոսի հսկողության տակ, չորրորդի համար մարտեր են մղվում: Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնացել է, որ եթե չդադարեցվի հրթիռակոծությունը, որը սպառնում է թուրքական դիտորդական և հսկիչ կետերին, իրենք կդիմեն շատ կոշտ պատասխանի: