Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում փրկարարական տեխնիկական հագեցվածությունը բավականին բարձր է: Նախարարն ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին 22 հրշեջ փրկարարական մեքենաների հանձնումը բավականին բարձրացրել է մարզերի տեխնիկական հագեցվածությունը, բայց դա չի նշանակում, որ մարզերը տեխնիկապես լիարժեք հագեցած են:
Նախարարի խոսքով՝ Երևանում կա երկու բարձր ավտոսանդուղքների կարիք, որի հետ կապված մրցույթ կհայտարարվի, և Կառավարության որոշմամբ ու տրամադրած բյուջետային միջոցներով գնում կկատարվի: Կա նաև տարհանման համար նախատեսված միջոցների, ուղղաթիռների կարիք:
«Մենք Երևանում և հեռավոր բնակավայրերում հրշեջ ջոկատներ ունենալու խնդիր ունենք: Երևանում կան 13 փրկարարական ջոկատներ, որոնք տեղակայված են քաղաքի տարբեր մասերում, և տեղ հասնելու խնդիր ունենք: Մեզ առնվազն 21 ջոկատ է պետք Երևանում»,- ընդգծել է Ցոլակյանը:
Ցոլակյանն ընդգծել է, որ սպասում են նաև 26 ռուսական տեխնիկայի: