Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Գառնիում ստեղծվելու է առաջինը ՀՀ-ում՝ համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատ
«Եթե հիշում եք՝ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 2019 թ. ընթացքում կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ նշել էի, որ Գառնի համայնքում նախատեսում ենք համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատ հիմնել:
Այսօր մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի շրջանակում ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանի և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի հետ քննարկեցինք այս առիթով մեկնարկած աշխատանքների ընթացքը, որը գտնվում է ակտիվ փուլում:
Այսպիսով, համայնքը ստանձնել է իր սեփական միջոցներով հոգալու ջոկատի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև հիմնանորոգելու ջոկատի տեղակայման շենքը, իսկ ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին տրամադրելու է համապատասխան սպառազինություն, հրշեջ մեքենա և ամբողջական մարտական արտահագուստ:
Ջոկատը հերթապահություն է սահմանելու մասնավորապես Ողջաբերդից Գեղարդ համայնքի ընկած հատվածում՝ կենտրոնանալով Գառնի համայնքի և Խոսրովի արգելոցի հատվածներում:
Նշեմ, որ Գառնիում ստեղծվելիք համայնքային հրշեջ փրկարարարական ջոկատը ռազմավարական նշանակություն ունի. այն զգալիորեն կթեթևացնի ու ավելի արդյունավետ կդարձնի Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատանքը»,- գրել է Պետրոսյանը: