Հրապարակվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019-ին «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Մասնավորապես, ուսումնասիրվել են իրավական կարգավորման դաշտը, սահմանված պահանջները և հնարավոր խոչընդոտները, շուկայի կառուցվածքը և գնային քաղաքականությունը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մասնակիցների կազմը ենթարկվել է փոփոխության, մասնավորապես՝
2017-ին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել 4 տնտեսվարող, 2018 թվականին տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով: 2019 թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5, դրանք են՝ «ՍիՓիԷս օյլ քորփորեյշն» ՍՊԸ-ն, «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն, «Պլատինում օյլ» ՍՊԸ-ն և «ՍիՓիԷս օյլ» ՍՊԸ-ն։
Ինչ վերաբերում է «Դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 և 2018 թթ. ընթացքում այս ապրանքային շուկայում ներմուծում են իրականացրել 6 տնտեսվարող սուբյեկտներ։ 2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այս ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն էականորեն ավելացել է և կազմում է 18:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում: