Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է բենզինի շուկան և հաղորդել, որ այս շուկան ունի բարձր կենտրոնացվածություն։ Այս մասին հայտնի է դառնում հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունից։ Բարձր կենտրոնացվածությունը նշանակում է, որ շուկայում մրցակցությունը նվազ է։
«2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել չորս տնտեսվարող, 2018 թվականին տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5»,- նշել է ՏՄՊՊՀ-ն։
Հանձնաժողովի ուսումնասիրությունից պարզ դառնում, որ 2017-ին հանրապետություն բենզին են ներմուծել 4 ընկերություններ՝ «Ֆլեշ»-ը, «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ը, «Էյ բի էքսպորտ»-ն ու «Մաքս պետրոլ»-ը։ ՏՄՊՊՀ-ն այս ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկություն իր ուսումնասիրությունում չի ներառել։ «Ֆլեշ»-ի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանն է, «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ի սեփականատերը, ըստ Հետքի, Արթուր Դանիելյանն է, «Էյ բի էքսպորտ»-ի բաժնեմասերի 60 տոկոսը պատկանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորը՝ Գագիկ Վանեցյանին։ «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ի տնօրենը Պատրիկ Աճեմյանն է, իսկ ընկերության բաժնետեր պետական ռեգիստրի թղթերում գրանցված է Կարեն Ախվերդյանը։ Ախվերդյանի անունը կապված է մեկ այլ ընկերության հետ ևս՝ խոսքը «Ձորագետ հիդրո»-ի մասին է, որը իր հերթին կապվում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ներկայում «Ձորագետ հիդրո»-ի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է, որի սեփականատերն իր հերթին հայազգի միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Նրանց ընկերության բաժնեմասերն անցել են նաև Լեոնիդ Արևշատյանից և Արմեն Պետրոսյանից, որոնք Մինասյանի շրջապատից են, իսկ Արևշատյանի անունը բենզինի շուկայի խաղացողների ցանկում երևում է։
Վերադառնալով ՏՄՊՊՀ ուսումնասիրությանը, նշենք, որ ըստ դրա, 2018-ի շուկա են մուտք գործել երկու այլ ընկերություններ՝ «Ռուսնեֆտ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Պլատինում օյլ»-ը։ Առաջինի սեփականատերերից է Աշոտ Սալազարյանը, որը նախկինում եղել է «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ի միակ բաժանետերը, ապա վաճառել է իր բաժնեմասերը։ 2019-ին Արթուր Վանեցյանի հոր ընկերությունը՝ «էյ բի էքսպորտ»-ը դուրս է եկել բենզինի շուկայից։ Հանձնաժողովը իր եզրակացությունում նշում է՝ ՌԴ-ից ներմուծվող վառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից։ Ըստ պետռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնվել է 2013-ին Արթուր Ալավերդյանի կողմից, որը նաև «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի տնօրենն է։
Ընկերության բաժնետերը Rosneft Techno S A ընկերությունն է, որը գրանցված է Լյուքսեմբուրգում։ Լյուքսեմբուրգի ռեսգիստրից ձեռք բերված թղթերից երևում է, որ Rosneft Techno S A-ի շահառուների թվում 2 հայեր կան՝ Արթուր Ալավերդյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Վերջինս, ինչպես վերևում նշեցինք, Միքայել Մինասյանի մերձավորներից է ու այլ կերպ ասած՝ Հայաստան ներմուծված բենզինի ձեռքբերման աղբյուր հանդիսացող ընկերության սեփականատերերից։Արթուր Ալավերդյանը Մեծ Բրիտանիայում 2012-ին հիմնել է Oil Techno LP ընկերությունը, որը դարձյալ առնչություն ունի բենզինի շուկայի հետ։ Ալավերդյանը հանդիսանում է ընկերության 75 տոկոսից ավելի բաժնետերը։
2017-ին Հայաստան է ներմուծվել մոտ 142 հազար տոննա բենզին, որոնց առյուծի բաժինը ներմուծվել է «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ի ու «Ֆլեշ»-ի կողմից, մեկ տարի անց ներմուծման ծավալները երկրում կազմել են 160 հազար տոննա, որտեղ երկու խոշոր ներմուծողներին միացել է «Մաքս պետրոլ»-ը։ Ուշագրավ է, որ եթե 2017-ին ներմուծվող բենզինի 72 տոկոսը Ռուսաստանից էր, անցյալ տարի այս չափաբաժինն ավելացել է ու հասել 95 տոկոսի։ ՏՄՊՊՀ ուսումնասիրության համաձայն՝ բենզին ներմուծողները նաև հիմնական իրացնողներն են՝ մասնավորապես «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ը, «Ֆլեշ»-ն ու «Մաքս պետրոլ»-ը։ Շուկայում կենտրոնացվածության բարձր մակարդակը հանձնաժողովը նաև բացատրել է այն հանգամանքներով, որ շուկայում անհրաժեշտ են խոշոր ներդրումներ՝ պահպանման և իրացման ենթակառուցվածքներ, իսկ առկա պահանջարկը շուկայի ներկա մասնակիցների կողմից բավարարվում է։
ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրությունում անդրադարձել է նաև դիզվառելիքի շուկային։ Այստեղ առաջատարները դարձյալ «Ֆլեշ»-ն ու «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերություններն են. եթե 2017-ին դիզելային շուկայում ներմուծմամբ զբաղվող ընկերությունների թիվը 6 էր, 2019-ին նրանց թիվը հասել է 18-ի։ Դիզելային շուկայի խաղացողներին «Լուրեր»-ն առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա։