Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մարտունու բժշկական կենտրոն` մասնակցելու հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Հեմոդիալիզի բաժանմունքի շնորհիվ պացիենտներն այլևս տիպված չեն ուղևորվի այլ քաղաք: Բաժանմունքում արդեն դիալիզ են ստանում 25 պացիենտ:
«Հավատարիմ մնալով մեր խոստմանը` Մարտունու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք բացվեց: Նոր կենտրոնում նախատեսվող սարքերը առայժմ տեղադրվել են հնում»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Մարտունու ԲԿ-ում, ծանոթացել պայմաններին: Առաջիկայում նախատեսվում է Մարտունիում նոր բժշկական կենտրոն կառուցել, որի նախագիծը ներկայացվել է ոլորտի պատասխանատուներին:
«Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ Հայաստանում բոլոր նոր հիվանդանոցները պետք է մոդուլային տեսակով կառուցվեն. առաջինն անում ենք Մարտունիում: Տարածաշրջանը, լինելով խիտ բնակեցված, անհրաժեշտություն ունի բարձրորակ բժշկական ծառայությունների»,- ասել է նախարարը:
Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ: