Մենք պետք է հասկանանք՝ Արթուր Վանեցյանի հայտարարություններին վերաբերվում ենք որպես ԱԱԾ նախկին տնօրենի, թե ենթադրյալ քաղաքական հայտ ներկայացնող Արթուր Վանեցյանի հայտարարություններ: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ դրանք բավականին նուրբ երանգներ ունեն:
Նրա խոսքով՝ Ա.Վանեցյանի քաղաքական հայտարարությունները բավական մակերեսային են, քանի որ նա չունի քաղաքական կապիտալ, նրա գործունեությունը, ըստ պատգամավորի, տեղավորվում է միայն ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնի շրջանակում: «Այդ հայտարարություններն ինչ-որ իմաստով իրականությունից կտրվածության դրսևորում ունեն, և դրանցում ես քաղաքական կոնկրետ ասելիքի բացակայություն եմ տեսնում, ավելի շատ համացանցում երևալու ցանկության հետ է պայմանավորված»,- ընդգծեց նա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իրենք այլևս չեն անդրադառնալու Ա.Վանեցյանի հայտարարություններին, քանի որ նա դեռևս քաղաքականություն մտնելու հայտ չի ներկայացրել: «Երբ նա պաշտոնապես կհայտարարի այն մասին, որ զբաղվում է քաղաքականությամբ, և բոլորի դիրքերը հստակ կլինեն, մենք կհասկանանք՝ որպես ինչ ենք արձագանքում նրան: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք նրա մեկնաբանություններին չենք անդրադառնում»,- ասաց նա: