Աշխարհը զուսպ է արձագանքել Պաղեստին-Իսրայել հակամարտությունը լուծելու Թրամփի գաղափարին: Դիվանագետները ստուգում են՝ արդյոք ԱՄՆ նախագահի ծրագիրը համահո՞ւնչ է նախորդ միջազգային համաձայնագրերին: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ անհրաժեշտ է լիարժեք պաղեստինյան պետություն ստեղծելու ԱՄՆ նախագահի ծրագրի հետ կապված մի շարք հարցեր հստակեցնել: «Դրանք վերաբերում են հիմնականում բանակցային գործընթացին հակամարտող կողմերի ներգրավմանը, և թե ինչպես է այդ առաջարկը համապատասխանում միջազգայնորեն ընդունված որոշումներին և իրավական հիմքերին»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
ԵՄ-ն նույնպես մտադիր է «ստուգել և գնահատել» Թրամփի առաջարկը՝ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա ընդգծել է, որ «պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը հնարավոր է միայն երկու պետությունների հայեցակարգի շրջանակում՝ հաշվի առնելով «պաղեստինցիների և իսրայելցիների օրինական պահանջները»:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն էլ հայտարարել է, որ պարզ չէ՝ Թրամփի պլանը «ընդունելի՞ է երկու կողմերի համար, թե՞ ոչ»: Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը Ամերիկայի նախագահի գաղափարն անվանել է «բռնակցման պլան» և «պաղեստինյան տարածքների գրավում»:
ՄԱԿ-ը նույնպես զուսպ է արձագանքել ԱՄՆ նախագահի գաղափարին: Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է. «Կազմակերպությունը հավատարիմ է դիրքորոշմանը, որը տարիներ շարունակ ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և գլխավոր վեհաժողովի բանաձևերում: Այն նախատեսում է Իսրայել և Պաղեստին պետությունների ստեղծում 1967 թվականի սահմանների հիման վրա»: