ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 29-ին ներկա է եղել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանը:
«1991 ստորաբաժանում» նախագիծն իրականացվում է FAST հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի ջանքերով։
Նպատակն է տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ լրացուցիչ գիտելիքների տրամադրումը, ինչի արդյունքում ապագա զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։
«1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատանքի անցնել հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում: