Այսօր խորհրդարանական խմբակցություններն իրենց ավանդական ճեպազրույցի ընթացքում հիմնականում անդրադարձել են երկու խնդրի՝ դատական համակարգին և ոստիկանական գործողություններին:
Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ, 2015-ի Սահմանադրության փոփոխություններից հետո լիարժեք չի գործում: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահանգ Հովակիմյանի դիտարկմամբ էլ՝ ՍԴ յոթ անդամներին հնարավորություն է տրվել, որպեսզի նրանք կարողանան արժանապատիվ կերպով հեռանալ:
Իսկ ինչու՞ միայն Սահմանադրական դատարանը: Հասարակությունը չի վստահում ընդհանրապես դատական համակարգին՝ հակադարձեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ շատ դեպքերում հասարակությունը ճշմարիտ է, և այստեղ մեղավոր է ոչ թե Սահմանադրական դատարանը, այլ ամբո՛ղջ դատական իշխանության համակարգը:
«Բարգավաճ Հայաստանի» դիտակետում երեկվա դեպքերն էին, երբ ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի ակտիվիստների: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ, պետք է հազար տոկոսով հիմնավորված լինի: