Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ 2019 թ. արդյունքներով՝ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ և 2018-ի համեմատ արձանագրվել է 122 մլրդ դրամի աճ (13%). 2017-ի համեմատությամբ՝ վճարված հարկերի մեծությունը ավելացել է շուրջ 254 մլրդ-ով կամ 31%-ով։
Համապատասխանաբար՝ հարկային վարչարարության տեսանկյունից էլ ուղղակի հարկերի արձանագրումը ավելի մեծ ջանք է պահանջում, քան անուղղակի հարկերը։
Սա հաշվի առնենք և տեսնենք, թե՝ 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ ուղղակի հարկերի մասնաբաժինը ի՞նչ փոփոխություններ է կրել վերջին տարիներին։
Ըստ այդմ, 2019-ին վճարված ուղղակի հարկերի թիվը 2017 թ. համեմատ ավելացել է ավելի քան 4․4 տոկոսային կետով։ Մասնավորապես, եթե 2017-ին 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ (807 մլրդ) ուղղակի հարկերը կազմում էին միայն 252 մլրդ (կամ շուրջ 31.2%), ապա ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 35.6% (2018 թ.՝ 335 մլրդ, 2019 թ.` 378 մլրդ): Սա խոսում է հարկերի կառուցվածքում որակական փոփոխությունների մասին։
Այն հանգամանքը, որ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 աշխատատեղ, նկատվում է նաև խոշորների մոտ։ Մասնավորապես, եթե 2018 թվականի ընթացքում խոշորների կողմից վճարվել է 173 մլրդ եկամտային հարկ (այս հարկը մասհանվում է վճարված աշխաատավարձերից), ապա 2019 թ. այս մասով առկա է առաջանցիկ աճ՝ 208 մլրդ դրամ (20% աճ)։
2019-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով։
2019 թ. ընթացքում 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել հայաստանյան 191 ընկերություն։ 2018-ին այդպիսի ընկերությունների թիվը 166 էր, 2017-ին` 141:
Նույն կերպ, 2019-ի ընթացքում 500 մլն դրամից ավելի հարկ վճարել է 361 ընկերություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի ընկերությունների թիվը 320 էր, 2017-ին` ընդամենը 285:
2019 թ. ընթացքում 100 մլն դրամից ավելի ուղղակի հարկեր են վճարել 555 ընկերություններ, 2018-ին նման ընկերությունների թիվը եղել է 497, 2017-ին` 425»,- գրել է վարչապետը: