Քոբի Բրայանթը՝ բոլոր ժամանակների ամենահզոր բասկետբոլիստներից մեկն ու ամբողջ աշխարհում ճանաչված NBA-ի աստղը, հունվարի 26-ին՝ կիրակի օրը, զոհվել է Լոս Անջելեսից ոչ հեռու տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա ընդամենը 41 տարեկան էր: Օդային փոխադրամիջոցում եղել են նաև նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, ևս յոթ մարդ: Ամերիկյան Time պարբերականն անդրադարձել է բասկետբոլի լեգենդին ու նրա ողբերգական մահվանը: Բրայանթը կնոջ՝ Վանեսա Լեյն Բրայանթի հետ, ունեին չորս երեխա:
Նախքան NBA-ից 2016-ին հեռանալը Բրայանթը խաղում էր LA Lakers-ում իր ամբողջ 20-ամյա կարիերայի ընթացքում: NBA-ի եզրափակիչներում նա հաղթանակ է տարել 5 անգամ, երկու անգամ դարձել է ամենաարժեքավոր խաղացողը, մեկ անգամ դարձել է մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը, երկու անգամ եղել է Օլիմպիական խաղերի հաղթող, 18 անգամ ընդգրկվել է LA Lakers-ի կազմի ուժեղագույնների թիմում, ինչպես նաև չորրորդ տեղն է զբաղեցրել NBA-ի պատմության ընթացքում ամենաարդյունավետ խաղացողների շարքում, Մայքլ Ջորդանի ու Լեբրոն Ջեյմսի կողքին:
Հայտնի է, որ Քոբին հաճախ էր տեղափոխվում ուղղաթիռով: Բրայանթը լուրերում հայնտվեց հունվարի 25-ին, երբ Lakers-ի խաղացող Լեբրոն Ջեյմսը, գերազանցելով նրան, NBA-ի ամենաարդյունավետ խաղացողների շարքում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, որի արդյունքում Բրայանթը հայտնվել էր չորրորդ տեղում: Մահվան նախօրեին Twitter-ի միկրոբլոգում Բրայանթը շնորհավորել էր Ջեյմսին. «Շարունակիր առաջ տանել խաղը: Հարգում եմ քեզ, եղբայրս»:
2018-ին Բրայանթն ամերիկյան կինոակադեմիայից «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակ էր ստացել «Սիրելի բասկետբոլ» մուլտֆիլմի համար, որը նա գրել ու ձայնագրել էր:
Քոբի Բրայանթի հիշատակը հարգել են նաև Գրեմմիի 62-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Հունվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ավիավթարի մասին ահազանգին արձագանքել ու անմիջապես դեպքի վայր է մեկնել 56 մասնագետ, այդ թվում՝ բժիշկներ, որոնք ավիավթարի վայրում հրդեհի օջախ են հայտնաբերել: Փրկարարները փորձել են ողջ մնացածների գտնել, սակայն՝ ապարդյուն: Ուղղաթիռը կործանվել է այն ժամանակ, երբ այդ շրջանում խիտ մառախուղ է եղել: Ավիավթարից վայրկյաններ առաջ ուղղաթիռը եղել է 600 մետր բարձրության վրա ու թռել ժամում 184 մղոն արագությամբ:
Բրայանթը միանգամայն անողոք խաղացող էր, որին անվանում էին «Սև Մամբա»: Նա պատրաստ էր հակառակորդի սիրտը հանել տեղից միայն իր ոչնչացնող նետումով: Նա բացահայտորեն հայհոյում էր իր թիմում քիչ տաղանդավոր խաղացողներին ու դժվար իրավիճակներում մշտապես պայքարում էր գնդակի համար:
Քոբի Բրայանթի հետ մահացել է նաև նրա դուստրը: Հարցազրույցներից մեկի ժամանակ Բրայանթն ասել էր, որ Ջիաննան երազում է խաղալ WNBA-ում, և որ ինքը հպարտ է դրանով:
«Ինձ ամենից շատ դուր է գալիս, երբ մենք ներկայանում ենք հանրությանը, մեզ մոտենում են երկրպագուները, իսկ նա կանգնում է իմ կողքին: Ինձ ասում են. «Հեյ, քեզ տղա է պետք»: Ձեզ ու Վանեսային տղա է պետք, որպեսզի շարունակի ընտանեկան ավանդույթը»:
«Իսկ նա ասում է. «Ես այն կշարունակեմ, դրա համար պետք չէ տղա լինել»:
Ցավակցության ու ափսոսանքի խոսքեր հնչում են աշխարհի տարբեր ծայրերից: Կորուստը սգում են քաղաքական գործիչները, դերասանները, մարզիկները: Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Քանյե Ուեսթը. «Քոբի, մենք սիրում ենք քեզ, եղբայր: Մենք աղոթում ենք քո ընտանիքի համար ու գնահատում ենք այն կյանքը, որն ապրել ես, և այն ներշնչանքը, որը նվիրել ես»: