Սիրիայի հարավ-արևելքում հունվարի 27-ին շարունակվել են ռազմական գործողությունները «Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալ ստորաբաժանումների դեմ: Baladi Network գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի օդուժը Դարաթ-Իզզա գյուղի մերձակայքում կետային հարվածներ է հասցրել ծայրահեղականների դիրքերին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են Հալեպի Ալ-Զահրա շրջանում, որտեղ ահաբեկիչների կողմից հրետակոծման հետևանքով շենք է փլուզվել: Եվս երկու մարդ անհայտ կորած է համարվում: Վթարի վայր են ժամանել շտապօգնության և փրկարարական ջոկատները:
Ըստ սիրիական պետական SANA լրատվական գործակալության՝ սիրիական բանակը Հալեպի Խան Թուման, Ալ-Քարասի և Թել ալ-Սաֆիր գյուղերում ջախջախիչ հարված է հասցրել ահաբեկիչներին: Ոչնչացվել է արմատականների զինապահեստը, իսկ Լեռամուն բնակավայրում հիմնահատակ ավերվել է «Թահրիր ալ-Շամի» շտաբը:
Masar Press Net-ը փոխանցում է, թե Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներն իզուր էին ոգևորվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ: Հունվարի 27-ին կորպուսի օժանդակությամբ Սիրիայում ահաբեկիչների դեմ կռվող իրանամետ զինված ջոկատները Զեյթունի և Ալ-Համիրայի տարածքի հենակետերում և պաշտպանական գծերում ջախջախիչ հարված են հասցրել ահաբեկչներին՝ առնվազն մի քանի կիլոմետր ետ շպրտելով վերջիններիս և պատճառելով ահռելի կորուստներ:
Արդեն 00:10-ի դրությամբ հաղորդվում էր, որ Ազազ քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով 8 մարդ է մահացել, ևս 20-ը վիրավորվել են: Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս անգամ կասկածի տակ են Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) զինյալները, որոնք Հալեպի հյուսիսում պարբերաբար դիվերսիաներ են իրականացնում թուրքամետ ուժերի դեմ, հաճախակի օգտագործելով ականապատ մեքենաներ:
Ինչ վերաբերում է հարավային Իդլիբին՝ սիրիական բանակը շարունակում է առաջ ընթանալ ջիհադիստների տարածք: Կեսօրից հետո «Հայաթ Թահրիր ալ-Շամ» դաշինքի ահաբեկիչների դեմ մղած մի շարք մարտերից հետո սիրիական բանակի մի ստորաբաժանում վերահսկողություն է հաստատել Ալ-Գադֆ, Մաար Շամշ և Թել Ման բնակավայրերում: Ինչպես նշում է Al Masdar-ը, եթե սիրիական բանակը վերահսկի նախկին Վադի Դեյֆ ռազմաբազան, կկարողանա առաջ ընթանալ դեպի Մաարեթ է Նուման առանցքային քաղաքի սահմանները:
Ի դեպ, Ռուսաստանի օդուժը շարունակում է գործել հարավային Իդլիբում՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ: Քիչ առաջ ռուսական օդուժը նպատակային հարվածների շարք սկսեց Խան ալ-Ասալ, Սուլում և Մաար-Նադ գյուղերի տարածքում: Թիրախի տակ են նաև Քաֆր Բեթհի և Բենին գյուղերի մոտակայքում ամրացած գրոհայինները: