Պաղեստինյան Ինքնավարության վարչապետ Մոհամադ աշ-Շթայեն հունվարի 27-ին կառավարության նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակված և ներկայում իրենց պարտադրվող պաղեստինա-իսրայելական կարգավորման պլանն օրինական չէ և հակասում է միջազգային իրավունքին:
Նրա խոսքով՝ Իսրայելն այդկերպ պաղեստինյան ժողովրդի իրավունքների հաշվին կստանա այն ամենն, ինչին շատ երկար տարիներ է ձգտել: Իսրայելական Haaretz-ի պնդմամբ՝ Շթայեն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի կարող համարվել անաչառ միջնորդ, քանի որ այդ երկիրն ամբողջովին մսխել է իր վստահությունը:
«Այս ծրագրի նպատակը Թրամփին մեկուսացումից փրկելը, իսկ Նեթանյահուին բանտից ազատելն է, ոչ թե Մերձավոր Արևելքին խաղաղություն բերելը: Սրանով համաձայնություն է ձեռք բերվում ոչ թե իսրայելցիների և պաղեստինցիների միջև, այլ Նեթանյահուի և նրա ընդդիմադիր Գանցի միջև: Իսրայելն ինքնիշխանություն է ստանում պաղեստինյան հողերի նկատմամբ, իսկ պաղեստինցիները ոչինչ չեն ստանում»,- ասել է բանախոսը:
Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ ներառյալ արաբական երկրներին, պաշտպանելու պաղեստինցիներին «ԱՄՆ-իսրայելական դավադրությունից»: Վարչապետը շեշտել է, որ «Դարի գործարքի» հրապարակումից հետո Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հատուկ հանդիպում կհրավիրի, որի ժամանակ կորոշվեն հաջորդ քայլերը: