ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Արման Սարգսյանն արձանագրել է, որ երկկողմ համագործակցությունը կայացած է։ Ոստիկանության պետի պաշտոնակատարն ընդգծել է, որ և՛ դեսպանությունը, և՛ Կանզասի ազգային գվարդիան մշտապես պատրաստակամորեն աջակցել են Հայաստանի ոստիկանությանը նյութատեխնիական միջոցներով ու փորձի փոխանակմամբ։
Այս համատեքստում Արման Սարգսյանը կարևորել է համագործակցային դաշտի ընդլայնումը՝ փաստելով, որ համագործակցության շրջանակներում այս պահին Կանզասի իրավապահ մարմինների տարածաշրջանային ուսումնական կենտրոնում է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։
Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևորագույն դրվագները՝ շեշտը դնելով նոր ձևավորված Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների կարևորության վրա։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը անդրադարձել է նաև շարժական պարեկային ծառայությանը՝ ընդգծելով, որ ստեղծվելիք ստորաբաժանման կայացման գործում ևս կարևորում է փորձի փոխանակումը։
Գեներալ-մայոր Լի Թաֆանելին նշել է, որ իրենք պատրաստակամ են զարգացնել համագործակցությունը։ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով՝ անկախ երկրներից հանցավոր մարտահրավերները նույնն են, որոնց դեմ արդյունավետ պայքարում անհրաժեշտ է սերտ համագործակցել՝ ապահովելով օրենքի գերակայությունը։
Լի Թաֆանելին ներկայացրել է իրենց երկրի իրավապահ մարմիններում ծառայության անցնելու կադրային քաղաքականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ճիշտ ընտրություն կատարել և հասարակությանը մատուցել որակյալ ծառայություն։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, իր հերթին, կարևորել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իրենք պատրաստակամ են տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու հայ ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։