Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի գրասենյակը հերքել է նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն այն մասին, ըստ որի՝ Թրամփը ձգձգել է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը, դրա դիմաց ակնկալելով քաղաքական ծառայություններ: Այս մասին հաղորդում է Washington Examiner-ը:
Մասնավորապես, նշվում է նախագահական ընտրություններում Թրամփի քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի որդու դեմ Կիևում հետաքննություն սկսելու, իբր, Թրամփի պահանջը: Մի ենթադրություն, որի հիման վրա է ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ այժմ նաև՝ Սենատում:
«Նախագահն անընդհատ վրդովմունք է հայտնել, որ Ուկրաինային օգնելու հարցում ԱՄՆ-ն պատասխանատվության առյուծի բաժինն է վերցրել, իսկ եվրոպացիները չեն կատարել իրենց պարտականությունները: Նախագահը նաև անհանգստություն է հայտնել Ուկրաինայում առկա կոռուպցիայի հետ կապված»-հայտարարել է Փենսի գրասենյակի ղեկավար Մարկ Շորթը:
Նա նաև ընդգծել է, որ Փենսը հրաման չի ստացել Թրամփից՝ Ուկրաինայի ղեկավարության հետ ամերիկյան օգնությունը քննարկելու վերաբերյալ: