Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ իշխանությունները սկսել են նախապատրաստվել հզոր երկրաշարժին, որ սեյսմոլոգների կարծիքով՝ կարող է տեղի ունենալ երկրի ամենամեծ քաղաքն ու տնտեսական կենտրոնը հանդիսացող Ստամբուլում:
«Ակնկալվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 7,5 մագնիտուդի: Այս սցենարի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ամենայն լրջությամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են ոչ թե վերջին երկրաշարժի համատեքստում, այլ այն բանից հետո, երբ 2019 թվականի սեպտեմբերին Ստամբուլում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ եղավ, իսկ սեյսմոլոգները շարունակեցին կառավարությանը տվյալներ տրամադրել՝ ապագա զարգացումների հետ կապված:
«Ներգրավվել են 28 աշխատանքային խմբեր, որոնցում ներառվել են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների մասնագետներ: Բարդ, շատ բարդ խնդիրներ են լուծվում՝ Թոփքափը պալատի գանձերի ու սրբությունների պահպանումից մինչև տարհանման վայրերում բնակչության կարիքների բավարարման կազմակերպում», - ասել է նախարարը:
Անդրադառնալով վերջին երկրաշարժին՝ նախարարը բարձր է գնահատել այն փրկարարների արհեստավարժությունն ու անձնվիրությունն, ովքեր աշխատել են ծանր պայմաններում և ցուրտ եղանակային պայմաններում, 45 մարդու փրկելով ավերակների միջից: