Թուրքիայի Էլյազիգ գավառի երկրաշարժի գոտում աշխատող փրկարարները փլատակների տակից հանել են ևս երկու զոհվածի մարմինները: Այսպիսով, Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասավ 41-ի, ևս մեկը համարվում է անհետ կորած: Նրա որոնումը շարունակվում է՝ տեղեկացնում է CNNturk-ը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորների թիվը 1,607 է: Նրանցից 1,516-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, բայց 18 վիրավոր դեռևս ինտենսիվ թերապիայի մեջ է գտնվում:
Հաղորդվում է նաև, որ փլատակների տակից հաջողվել է փրկել առնվազն 45 մարդու: Դեռևս ճշտվում են, թե քանի բնակարան ու տուն է ավերվել, քանի մարդ է բացարձակապես անօթևան մնացել:
Թուրքիայի կառավարությունից հայտարարել են, որ հնարավորինս արագ կկառուցվեն ապաստարաններ, որոնք կարող են տեղավորել առնվազն 1000 ընտանիքի: Միևնույն ժամանակ հասարակությանը խոստացել են, որ նահանգում կսկսվի 2000 նոր տների շինարարություն, կհաշվարկվի վնասը և մարդկանց անպատճառ փոխհատուցում կտրվի:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ երկրաշարժից փրկվածներից յուրաքանչյուրին կվճարվի 41,000 լիրա, այսինքն՝ մոտ 6,900 ԱՄՆ դոլար: Առողջական, հոգեբանական խնդիրներ ունեցող անձինք բուժօգնություն կստանան բացառապես անվճար հիմունքներով: