ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ելույթում անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի տարածքում այլատյացության դրսևորումներին:
«Քանի որ մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակը, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպայի խորհրդի տարածքում քսենոֆոբ դրսևորումների վրա: Մասնավորապես, ես ցանկանում եմ խոսել այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990 թ. հունվարին՝ 30 տարի առաջ: Այդ ջարդերը դեռևս 20-րդ դարից Ադրբեջանի կողմից հայկական բնակչության հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության շարունակությունն էր: Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» շարժման կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի անմիջական աջակցությամբ և թողտվությամբ իրագործված անմարդկային գործողությունները միջազգային քրեական իրավունքով նախատեսված ծանրագույն հանցագործությունների շարքին են դասվում: Կարևոր եմ համարում նշել, որ շատ սակավաթիվ ադրբեջանցիներ են եղել, որոնք համարձակվել են հանդես գալ այս գործողությունների դեմ և օգնել հայերին փրկվել: Նրանք ևս պետք է խոսեն այս դեպքերի մասին»,- նշել է Տաթևիկ Հայրապետյանը:
1988 թ. հուլիսի 7-ի բանաձևով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Խորհրդային իշխանություններին ԽՍՀՄ օրենքներին համապատասխան պատասխանատվության ենթարկել հայկական ջարդերի պատասխանատուներին և ապահովել Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայ բնակիչների անվտանգությունը։ 1990 թ. հունվարի 18-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրոպայի խորհրդին՝ աջակցել հայերին: Երրորդ քննադատող բանաձևն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 1991 թ. մարտի 14-ին:
«Ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը, ահա թե ինչու Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իր խտրական և հակահայկական քաղաքականությունը, ինչի արտացոլումն են 2004 թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, որը ներկայումս Ադրբեջանում հերոսացվել է, 2016 թ. ապրիլի ընթացքում Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների խոշտանգումները և սպանությունը: Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ ԵԽԽՎ-ն շատ անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում: Բազմաթիվ հակամարտություններ կան Եվրոպայի Խորհրդի տարածքում, և ես հույս ունեմ դրանք բոլորը խաղաղ հանգուցալուծում կստանան, սակայն դրա կարևորագույն երաշխավորը մշտական պայքարն է և քննադատությունը խտրականության, ատելության և քսենոֆոբիայի դեմ»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը: