Ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում, ունենալու ենք նոր որակի ոստիկանություն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Դատաիրավական բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև ոստիկանությունում փոփոխությունների հարցը: Արդեն կա հայեցակարգը, և կարծում եմ, որ փոփոխությունները տեսանելի կլինեն»,- նշեց նա:
Ա.Սարգսյանի խոսքով՝ փոփոխություններն առաջին հերթին ուղղված են ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը:
«Ոստիկանը պետք է լինի ավելի կրթված, իր իրավունքներին և պարտականություններին լավ տիրապետող: Վստահեցնում եմ, որ քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի»,- ընդգծեց ոստիկանության պետի պաշտոնակատարը: