Կալիֆոռնիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 41-ամյա ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահվան լուրը ցնցել է ողջ մարզաշխարհը:
Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցական խոսքեր է հղել լեգենդար բասկետբոլիստի մահվան կապակցությամբ ու նշել է, որ միշտ կարոտելու է:
«Տխուր պահ է մարզաշխարհի համար: Ոգեշնչում, կուռք, Դուք եղել եք հավերժ հաղթող շատ աթլետների համար»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:
Քոբիի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել ֆուտբոլային գերակումբներ: Կատալոնական «Բարսելոնայի» թվիթերյան միկրոբլոգում գրառում կատարելով՝ կապտանռնագույները հայտնել են, որ շոկի մեջ են Բրայանթի մահվան լուրը լսելով:
«Շոկի մեջ ենք Քոբի Բրայանթի մահվան մասին լսելով։ Նա մարզիկի օրինակ էր և՛ բասկետբոլի դաշտում, և՛ դրանից դուրս։ Մեր ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին և սիրելիներին։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,- նշված է կատալոնական ակումբի Twitter-ի էջում։
Մադրիդի «Ռեալը» ևս հայտարարություն է տարածել:
«Ռեալում» խորապես ցավում են Քոբի Բրայանթի՝ բասկետբոլի և սպորտի լեգենդի մահվան առնչությամբ։ Ակումբը իր ցավակցություններն է ցանկանում հայտնել նրա ընտանիքին և ընկերներին այս կորստյան համար, որը շոկի է ենթարկել մարզաշխարհը»։
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում երեկ «Լիլի» հետ խաղի ընթացքում իր հեղինակած գոլը նվիրել է Քոբիի հիշատակին:
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես իր ցավակցություններն է հայտնել Քոբիի ընտանիքին:
«Այնքան տխուր եմ լսել Քոբիի և նրա դստեր՝ Ջիաննայի մահվան սրտաճմլիկ լուրը։ Քոբին իսկական լեգենդ էր ու ոգեշնչում շատերի համար։ Ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր իրենց կյանքն են կորցրել այս վթարի պատճառով: Հանգչիր խաղաղությամբ»:
Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերի միկրոբլոգում իր
ցավակցական խոսքն է հղել Բրայանթի ընտանիքին:
«Ես ցնցված եմ: Ցավակցում եմ Բրայանթի ընտանիքին, ընկերներին, բասկետբոլի աշխարհին ու ամբողջ մարզաշխարհին: Հանգչի՛ր խաղաղությամբ, Քոբի»,– գրել է Իկերը:
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին Ինսթագրամի իր էջում գրել է, որ շատ հաճելի է եղել ծանոթանալ Քոբիի հետ ու հաճելի ժամանակ անցկացնել միասին:
Թվիթերի միկրոբլոգում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան նույնպես գրառում է կատարել ու նշել, որ երբեք չի մոռանա Քոբիի մեծահոգությունը:
«Քոբի և Ջիջի. այս ամենն ընդունելը չափազանց բարդ է: Ես երբեք չեմ մոռանա քո մեծահոգությունը, ու թե ինչպես էիր դու իմ կողքին դժվարին պահերին: Ես հավերժ շնորհակալ եմ: Իմ սիրտը քո ու քո գեղեցիկ ընտանիքի հետ է»,– գրել է թենիսիստուհի Մարիա Շարապովան:
Լեգենդար իտալացի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն նույնպես անդրադարձել է ցավալի իրադարձությանն ու իր ցավակցությունը հայտնել:
«Դու օրինակ ես եղել մեր սերնդի համար: Ննջի՛ր խաղաղությամբ, լեգենդ»,- գրել է Պիրլոն:
Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Հուսեին Բոլտը գրառմամբ հայտնել է, որ չի կարողանում հավատալ:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Կալաբասաս քաղաքում: Նախնական տեղեկության համաձայն՝ ուղղաթիռը պատկանել է հայտնի բասկետբոլիստին, զոհվել է ևս ութ մարդ: Ըստ որոշ աղբյուրների՝ ուղղաթիռի օդաչուն եղել է հայազգի հայ Արա Զոբայանը: Ըստ WFAA-TV-ի ռեպորտաժի՝ Զոբայանն ընկնող ուղղաթիռը հայ բնակչությամբ Լոս Անջելեսի արվարձաններից և մարդաշատ վայրերից ուղղել է դեպի ազատ տարածություն, որպեսզի տուժող բնակիչներ չլինեն: