Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Ապրունցը, որը բնակվում է Չինաստանում, իր էջում պատմել է կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում ստեղծված իրավիճակի մասին: Գայանեն նշել է, որ 3 օր տնից դուրս չի եկել, քաղաքի փողոցները դատարկ են, աշխատում են միայն դեղատներն ու մթերքի խանութները:
«3 օր տանը... Շատ դժվար է բացել դուռը անվախ առաքիչի առաջ, ում չի վախեցրել մահացու վիրուսը:
2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից մահացել է 56 մարդ։ Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թիվը գերազանցում է 2000-ը, մոտ 2700-ն էլ գտնվում են վերահսկողության տակ, քանի որ վիրուսի ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2 շաբաթ: Տեղեկացնում են, որ 49 մարդ արդեն բուժվել է: Մահացածների և վարակվածների թիվը աճում է ամեն ժամ: Վիրուսի էպիկենտրոն Վուհան քաղաքի մոտ 11 մլն բնակիչները անժամկետ մեկուսացված են:
Կան չհաստատված նորություններ, որ գտել են բուժման եղանակը:
Մոտ 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում, որտեղ ես եմ ապրում, կան 13 վարակվածներ, տվյալներին հնարավորություն ունենք հետևել օնլայն քարտեզի միջոցով:
Խուճապ չկա, քանի որ բոլորս տեսնում ենք, թե ինչ արագ և հետևողական աշխատանք են կատարում չինացիները:
Բնակիչներին խնդրել են մնալ տանը, մինիմալի հասցնել մարդկանց հետ շփումը, դուրս գալու դեպքում կրել N95 դիմակներ:
Ապրում եմ 25-րդ հարկում: Քաղաքին նայում եմ վերևից: Փողոցներն ամայի են, բաց են դեղատներն ու մթերային խանութները:
Արդեն 3-րդ օրն է, որ տնից դուրս չեմ գալիս, թեև դուրս գալու կարիք էլ չկա, առաքում են ամեն պատվեր: Բայց շատ դժվար է բացել դուռը անվախ առաքիչի առաջ, ում չի վախեցրել մահացու վիրուսը»: