Քանի որ ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը դեմ է մեր կուսակցության որդեգրած սկզբունքներին, հորդորեցինք նրան, որ հրաժարվի մանդատից: Այդ մասին խմբակցության՝ ավելի քան 3 ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը՝ վստահեցնելով, որ նա, այո՛, ընդունել է իրենց հորդորը և կհայտարարի այդ մասին:
Նա նշեց, որ նիստին իրենց գործընկերը ներկայացրել է իր արարքի պատճառները, սակայն նա չցանկացավ այդ մասին բարձրաձայնել՝ նշելով, որ դրանց մասին կխոսի ինքը՝ Հարթենյանը:
«Նշեմ, որ ոչ թե պատճառներն են կարևոր, այլ եղելությունը, գուցե թյուրիմացություն է եղել, սակայն կատարվածը մեզ համար անընդունելի է, և մեր խմբակցությունը միաձայն դատապարտել է»,- ընդգծեց նա:
Ս.Էյրամջյանը նշեց, որ շուտով կլինի նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը: