Հունվարի 26-ին Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային դահլիճում կայացել է տարվա գլխավոր երաժշտական՝ «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությունը, որը տևել է մոտ երեք ժամ: 18-ամյա երգչուհի Բիլի Այլիշը դեբյուտային When We All Fall Asleep, Where Do We Go? սկավառակի համար արժանացել է «Գրեմմի» հինգ մրցանակի՝ «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա լավագույն երգ», «Լավագույն փոփ ալբոմ», «Լավագույն սկսնակ երգիչ» անվանակարգերում: Այլիշը ճանաչվել է նաև «Գրեմմիի» ամենաերիտասարդ հաղթողը՝ գերազանցելով Թեյլոր Սվիֆթի ռեկորդը, որը նա սահմանել էր 2010-ին: «Գրեմմի» մրցանակին է արժանացել նաև Այլիշի եղբայրը՝ որպես լավագույն պրոդյուսեր՝ քրոջ ալբոմի վրա աշխատելու համար: Այս անվանակարգում «Գրեմմիի» էին հավակնում նաև Արիանա Գրանդեն «Thank u, next», Թեյլոր Սվիֆթը «Lover», Բեյոնսեն «The Lion King: The Gift», ինչպես նաև Էդ Շիրանը «No.6 Collaborations Project» ալբոմներով։
«Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթել է Միշել Օբաման՝ «Կայացում» հուշերի համար:
Ամերիկացի ռեփեր Lil Nas X-ի և քանթրի կատարող Ռեյ Բիլի Սայրուսի՝ Old Town Road երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արժանացել է մրցանակի՝ «Լավագույն երաժշտական տեսանյութ» անվանակարգում։
Լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել Tyler The Creator-ի կոմպոզիցիաների հավաքածուն՝ IGOR։
Երգչուհի և բասիստ Էսպերանսա Սփոլդինգը ստացել է «Լավագույն վոկալային ջազ ալբոմ» մրցանակը, որին արժանացել է 12 Little Spells սկավառակի համար։
A Lot կոմպոզիցիան, որը կատարել են երաժիշտներ 21 Savage-ը և J. Cole-ը, մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում։ Թեքսասից Հերի Քլարկ Կրտսերը Grammy-ի է արժանցել «Լավագույն ռոք երգ» անվանակարգում This Land կոմպոզիցիայի համար։
«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթող է դարձել DJ Khaled-ը Higher կոմպոզիցիայի համար. այն համատեղ աշխատանք է Ջոն Լեջենդի և հանգուցյալ ռեփեր ու ակտիվիստ Nipsey Hussle-ի հետ։ Երգը թողարկվել է մինչև նրա մահը՝ 2019-ի մարտը, և թողարկման ողջ հասույթը կուղղվի Hussle-ի ընտանիքին օգնություն տրամադրելուն։